Գյուղական համայնքային և դպրոցական գրադարանները 21-դարում

ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՔՈԼԵՋ

«Գրադարանային գործ» բաժին

Դիպլոմային աշխատանք

Թեմա՝ «Գյուղական համայնքային և դպրոցական գրադարանները 21-րդ դարում»

                                             Ուսանող՝ Էմմա Հակոբյան

Ղեկավար՝ Թամար Ղահրամանյան

Երևան 2023

Բովանդակություն

Ներածություն

Գլուխ 1 Գյուղական համայնքային և դպրոցական գրադարանները 21-րդ դարում

1․1․Գյուղական համայնքային դպրոցական գրադարանների դերը 21-րդ դարում

1․2․Գյուղական, դպրոցական գրադարանների զարգացման ռազմավարությունը 21-րդ դարում

1.3․Գյուղական համայնքային և  դպրոցական գրադարանները նորանկախ Հայաստանում

Գլուխ 2 Արմաշի Մաղաքիա Օրմանյանի անվան միջնակարգ դպրոցի գրադարանի հագեցվածությունն ու զարգացման հեռանկարները առաջիկա տարների համար։

2․1․Արմաշի Մաղաքիա Օրմանյանի անվան միջնակարգ դպրոցի գրադարանի հագեցվածությունն ու առանձնահատկությունները։

2․2․Արմաշի Մաղաքիա Օրմանյանի անվան միջնակարգ դպրոցի զարգացման հեռանկարները առաջիկա տարիների համար 

Եզրակացություն

Գրակաանության ցանկ

Ներածություն

«Օ, գրքերի աշխարհը տիեզերք է անեզր…» Ե. Չարենց

Կարդալով գիրքը` մարդն իրեն ավելի ուժեղ, խելացի, ազնիվ է զգում: Լայնանում է մտահորիզոնը, փոխվում են հայացքները կյանքի, աշխարհի նկատմամբ: Ժամանակին կարդացած գիրքը ընդունակ է փոխելու կյանքն այնպես, ինչպես չեն կարող փոխել լավագույն բարեկամն ու դաստիարակը: Կարդում ես գիրքը և մտովի տեղափոխվում հեղինակի ներկայացրած աշխարհը, ընկերանում, մտերմանում, անգամ սկսում ես մտածել գրքի հերոսների հետ: Բնության, տիեզերքի գաղտնիքներին տեղեկանում ես, իհարկե, նախևառաջ գրքերի միջոցով: Զարգանում է բառապաշարդ, խոսքդ դառնում է առավել գունեղ: Լինելով գրադարանում, խորանալով գրքերի անեզրության մեջ` մարդիկ սկսում են քիչ նմանակել ուրիշներին: Գրքերը լռում են, երբ խոսելու կարիք չկա, խոսում են, երբ պետք է` բացելով մեր դեմ ամբողջ աշխարհը:

Գիրքը հիմնարար դեր է խաղացել և շարունակում է ունենալ մեր քաղաքակրթության զարգացման գործում: Դարերի ընթացքում կուտակված հսկա գրադարանը մարդկության հուսալի հիշողությունն է, որտեղ գրավված են նրա նվաճումներն ու երազանքները, պատկերացումներն ու զառանցանքները: Գրադարանը ստեղծվել է քարի և մետաղի, կավե տախտակների և փայտե տախտակների վրա և թուղթ-նյութը և արտադրության մեթոդը փոխվել են, բայց դրա դերը մնացել է անփոփոխ: Գրադարանի դերն է տպագիր, 21-րդ դարում նաև էլեկտրոնային արտադրանքի հավաքումը, պահպանումը, գրքի պրոպագանդան, ընթերցողներին գիրք սպասարկելը, ինչպես նաև տեղեկատվական, մատենագիտական աշխատանքի ապահովումը։ 21-րդ դարում կայուն պետություն կառուցելու խնդիրների հաջող լուծումը, տարածաշրջանային սոցիալ-մշակութային տարածքի ձևավորումը պահանջում է գրադարանների ակտիվ մասնակցություն այդ գործընթացներին: Այստեղից էլ անհրաժեշտ է ուսումնասիրել հայաստանյան ժամանակակից պայմաններում դպրոցական, գյուղական, համայնքային գրադարանների գործունեության առանձնահատկությունները: 21-րդ դարում ժամանակակից գիտատեխնիկական առաջընթացի պայմաններում գրադարանների աշխատանքը անընդհատ բարդանում է։ Գրադարանը, որպես հայ գրատպության պահոց և գրադարանագիտական, կրթական, մշակութային, տեղեկատվական  հաստատություն, ստեղծում է անհրաժեշտ պայմանները տեղեկության հավաքագրման, մշակման և այն ընթերցողներին բոլոր հնարավոր ուղիներով հասանելի դարձնելու համար։ 21-րդ դարի գրադարանների և գրադանավարների խնդիրն է ժամանակի հետ համահունչ քայլելը, արդի պահանջներին ճիշտ և ժամանակին արձագանքելը: Մեր աշխատանիքի նպատակն է բացահայտել 21-րդ դարում դպրոցական, գյուղական գրադարանների առկա վիճակը, խնդիրները և զարգացման հեռանկարները։

Աշխատանքը բաղկացած է ներածությունից, որտեղ հիմնավորվում է թեմայի՝ ‹‹Գյուղական համայնքային և դպրոցական գրադարանները 21-րդ դարում›› արդիականությունը, և երկու գլուխներից․ առաջին գլուխը վերնագրված է հետևյալ կերպ՝ ‹‹Գյուղական համայնքային և  դպրոցական գրադարանները 21-րդ դարում››, որն ունի ենթաբաժիններ. 1.1.«Գյուղական համայնքային և դպրոցական գրադարանների դերը 21-րդ դարում», 1.2.«Գյուղական համայնքային և դպրոցական գրադարանների զարգացման ռազմավարությունը 21-րդ դարում», 1․3․«Գյուղական համայնքային և  դպրոցական գրադարանները նորանկախ Հայաստանում»: Առավելությունները և թերությունները, դիպլոմային աշխատանքի երկրոդ գլուխը վերնագրված է «Արմաշի Մաղաքիա Օրմանյանի անվան միջնակարգ դպրոցի գրադարանի հագեցվածությունն ու զարգացման հեռանկարները առաջիկա տարիների համար», որի ենթաբաժիններն են՝ 2.1.«Արմաշի Մաղաքիա Օրմանյանի անվան միջնակարգ դպրոցի գրադարանի հագեցվածությունն ու առանձնահատկությունները», 2.2.«Արմաշի Մաղաքիա Օրմանյանի անվան միջնակարգ դպրոցի զարգացման հեռանկարները առաջիկա տարիների համար»։ Աշխատանքում վերլուծել ենք նաև Արարատի մարզային գրադարանի և Արմաշի համայնքային գրադարանների առկա վիճակը։ Աշխատանքն ունի նաև եզրակացություն, նշված է գրականության ցանկը՝ էլեկտրոնային և տպագիր աղբյուրները։

11Գյուղական համայնքային և դպրոցական գրադարանների դերը 21-րդ դարում

Գրադարանները ազգերի, անշուշտ, նաև հայերի հոգևոր կյանքի և մշակույթի զարգացման մեջ կատարել ու այսօր էլ կատարում են անփոխարինելի դեր: Յուրաքանչյուր գրադարան կոչված է իրականացնելու իրեն հատուկ գործառույթները։ Գրադարանի առաջնահերթ խնդիրն է գրականության վերաբերյալ տեղեկատվությունը  ընթերցողներին լավագույնս հասցնելու համար արդյունավետ միջոցների ընտրությունը:

Գրադարանային բարենպաստ միջավայրը խթանում է սովորողի, գրադարանից օգտվող անհատի ստեղծագործական-հետազոտական աշխատանքների հմտությունը, նպաստում գիտելիքների աճին, ինքնակրթությանը, բազմակողմանի զարգացմանը, ունեցած գիտելիքների պաշարն ավելացնելուն, անհրաժեշտ տեղեկատվությունն առավել արդյունավետ ստանալուն, դասերի ընթացքում ստացած գիտելիքները և առարկայական տեղեկատվությունը համալրելուն:

Գրադարանների դերը այս գործընթացում միջնորդի դերն է, որը  արտադրողներից տեղեկատվությունը փոխանցում է սպառողին: Դժվար է ասել, թե որքանով մեր գրադարանների մեծ մասն արդեն յուրացրել այդ դերը: Բայց կարևոր է նշել, որ գրադարանների մեծամասնությունը, ինչպես գյուղական համայնքային, այնպես էլ դպրոցական, որ հենց այդպիսի դեր ունի 21-րդ դարում։ Այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ գրադարանները հասարակության ամենահին ինստիտուտն են, որոնք ունեն բազմազան գործառույթների լայն շրջանակ և հսկայական դեր են խաղում հասարակության կյանքում: Ներկայումս գրադարանը սոցիալական հաստատություն է, որը հսկայական դեր ունի մարդկանց կյանքում, հատկապես մեր երկրի հեռավոր անկյուններում և գյուղերում: Գրադարանային գործն իր բազմաբովանդակ գործառույթներով բոլոր ժամանակներում համարվել է հասարակական և մշակութային զարգացման խթանիչ գործոններից մեկը: Գրադարանը ամենահին մշակութային հաստատություններից մեկն է: Մարդկության պատմության երկար ժամանակահատվածում նրա սոցիալական գործառույթները զգալի փոփոխությունների են ենթարկվել: Առաջին գրադարանների նպատակը փաստաթղթերի պահպանումն էր: Ստեղծման պահից մինչ օրս գրադարանը անցել է հանրային առաքելության էվոլյուցիայի առաջին փուլը՝ իշխող վերնախավի կարիքների սպասարկումից մինչև հանրային կարիքների բավարարում: Գրադարանը դարձել է սոցիալական ինստիտուտ, որն իր մեջ ներառում է տեղեկատվական և մշակութային բաղադրիչները և ապահովում է հասարակության մեջ կապերի և հարաբերությունների կայունությունը: Գյուղական համայնքային գրադարաններն իրենց գործունեության միջոցով օգնում են մարդկանց՝ իմանալու իրենց տարածքի անցյալը, գնահատելու ներկա օրը և չկորցնելու ժամանակների կապը:

Գրադարանների դերի և նպատակի փոփոխությունն արտացոլվում է գրադարանի` հասարակության և առանձին սոցիալական հաստատությունների հետ հարաբերությունների մեջ` հանգեցնելով գրադարանային էթիկայի, մասնագիտական արժեքների, գրադարանային համայնքի մասնագիտական գիտակցության վերափոխմանը: Տեղեկատվության փոխանցման ընթացքում գրադարաններն ավելի ու ավելի են բախվում գրադարանում առկա աղբյուրների բովանդակությունը վերլուծելու անհրաժեշտության հետ: Օրինակ, համացանցը, որի ծառայություններն այժմ առաջարկում են գրադարանները, պարունակում է բազմաբնույթ տեղեկատվություն, որոնք երբեմն վատ են ընտրված և գրեթե համակարգված չեն: Դրա օգտագործումը սպառողից պահանջում է բարձր որակավորում, որին նա միշտ չէ, որ տիրապետում է: Հետևաբար, գրադարանավարներն իրենք պետք է ունենան համապատասխան կրթություն և հմտություններ` համացանցից տեղեկատվության ընտրության և նախնական համակարգման գործում: Գյուղական գրադարանային ռեսուրսներին դիմելու հիմնական շարժառիթը այսօր ոչ միայն մի շարք սոցիոլոգիական  ուսումնասիրություններին հետևելն է, այլև անհատի մեջ կրթական նոր որակների ձեռքբերումն ու զարգացումը: Հետևաբար տեղեկատվությունը իր «մաքուր» ձևով հազվադեպ է պահանջվում: Այսպիսով՝ գրադարանների դերն այսօր երկակի է. մի կողմից նրանք պահպանում են իրենց առաքելությունը` որպես գիտելիքի պահապան և թարգմանիչ, հոգևոր կենտրոն, մյուս կողմից նրանք դառնում են մասամբ տեղեկատվություն տրամադրողներ: Առաջին դեպքում նրանք իրենց գործառույթներն իրականացնում են անվճար, երկրորդ դեպքում նրանք ձգտում են գումար վաստակել՝ սպառողներին տրամադրելով տեղեկատվական ծառայություններ, բայց նրանք կորցնում են իրենց կերպարը, որ է՝ հատուկ սոցիալական հաստատություն, որն աշխատում է հանուն մշակույթի, այլ ոչ թե շահույթի …

Գ.Պ. Ֆոնոտովը կարծում է, որ այսօր գրադարանների պահանջարկը որոշվում է ոչ թե այն փաստով, որ դրանք վերածվել են կամ վերածվում են տեղեկատվական կենտրոնների, այլ այն, որ դրանք հումանիտար հաստատություններ են, որոնք ուղղված են գրադարանների մտավոր և գործնական գործունեության զարգացմանը, նաև գիտության և արվեստի զարգացմանը, դրանց փոխադարձ հարստացմանը, անհատի հոգևոր արժեքների օգտագործման իրավունքի ապահովմանը, նրա ֆիզիկական և հոգևոր առողջության ամրապնդմանը:

Վերջին տարիներին գրադարան այցելելու հաճախականության անկման պատճառով նրանց հետագա ճակատագրի շուրջ վեճերը չեն հանդարտվել: Բարեփոխումների պաշտպանները առաջարկել են գյուղական գրադարանների ժողովրդականությունը մեծացնել զվարճանքի միջոցով, բայց այս դիրքորոշումը քննադատել են փորձագետներն ու հասարակությունը, ովքեր պնդում են, որ գրադարանները պետք է պահպանեն մշակութային և կրթական գործառույթը և մի անգամ ևս հաստատում են, որ գրադարանները առևտրային և զվարճանքի ոլորտ տեղափոխելը կկործանի գրադարանների էությունը՝ որպես մշակութային զարգացման և համաստեղծման վայր:

            Գյուղական գրադարանի առաքելությունը, ըստ էության, տեղեկատվության և գիտելիքի զարգացումը, խթանումը և ամրապնդումն է: Այն ունի մի քանի ասպեկտ.

  • մարդկության կողմից կուտակված գիտելիքների շրջանառության և զարգացման խթանում` դրան ազատ մուտք ապահովելով
  • փաստաթղթավորված գիտելիքների պահպանումը որպես հանրային սեփականություն։

Ժամանակակից գրադարանի գործառույթներն են` հիշատակի, հաղորդակցման, տեղեկատվական, կրթական, սոցիալական և մշակութային: Հիշատակի գործառույթը գրադարանի ընդհանուր գործառույթ է: Հավաքագրելով և պահպանելով վավերագրական աղբյուրներ՝ գրադարանը «մարդկության հիշողության» մարմնացումն է, ծառայում է որպես սոցիալական հիշողության նոր որակների առաջացման երաշխավոր, ապահովում է սոցիալական կյանքի կայունությունը: Այն պահպանում է գիտելիքն ու մշակույթը ընկալման, տարածման և օգտագործման համար ամենահարմար տարբերակով: Էլեկտրոնային փաստաթղթերի պահպանմամբ գրադարանը դառնում է վիրտուալ միջավայրի հիմնական կառուցվածքային բաղադրիչը, որն ունի կայունություն, եզակի նույնականացում և ապահովում է իրավական կարգավորումներ` կապված տեղեկատվական ռեսուրսների հասանելիության հետ: Իրականացնելով մշակութային ժառանգության համակարգվածությունը, պահպանումը և տարածումը` գրադարանը կազմակերպում է նավարկություն մշակույթի աշխարհում, տեղեկատվության և գիտելիքի աշխարհում:

Դպրոցական, գյուղական համայնքային գրադարանները պատմական և հոգևոր հիշողության, մշակութային, տեղական պատմության և կրթական կենտրոններ են: Հայրենասիրության դաստիարակությունը, սեփական երկրի հանդեպ սերն անհնար է, եթե երեխան չգիտի իր ընտանիքի, գերդաստանի պատմությունը, ազգանվան, ապրելու վայրի՝ փոքր հայրենիքի պատմությունը:

Դպրոցական, գյուղական համայնքային գրադարանի ժողովրդականությունն ու դերը բարձրացնելու համար հատուկ ուշադրություն պետք է դարձնենք ընտանեկան ընթերցանության ավանդույթների զարգացմանը: Առաջարկում ենք ընտանեկան ընթերցանության ծրագրեր իրականացնել տարբեր թեմաներով: Օրինակ՝ «Գիրքը տանենք ընտանիքի շրջապատ» կամ  «Մենք ամբողջ ընտանիքով գրքի ընկերներն ենք»։ Նման միջոցառումների նպատակն է կարևորել գրադարանի դերը՝ որպես տեղեկատվական միջնորդ՝ գրքի մասին հանրությանը տեղեկացնելու, նոր հրատարակությունների վրա ընթերցողների ուշադրությունը հրավիրելու և երիտասարդության շրջանում ընթերցանության նկատմամբ  հետաքրքրություն առաջացնելու նկատառումներով։ Դրա շնորհիվ գյուղական համայնքային գրադարանները կկարողանան ներգրավել մեծահասակներին՝ ակտիվ համագործակցության մեջ լինելու երեխաների հետ՝ նրանց մեջ գրքի և ընթերցանության հանդեպ հետաքրքրություն սերմանելու և աջակցելու առումով, ինչպես նաև համատեղ գործունեությամբ գրականության միջոցով նրանց  կրթելու և զարգացնելու: Գյուղական գրադարանները պետք է  արտացոլեն մերօրյա հասարակության գաղափարական և քաղաքական զարգացման բազմազանությունը:

21-րդ դարում ընթերցող երեխան հույս է հայկական մշակույթի ապագայի համար: Մի քանի տարի անց նրանից կախված կլինի, թե գիրքն ինչ տեղ և ինչ դեր կխաղա հասարակության կյանքում:

Կ.Դ. Ուշինսկին գրել է. «Առանց ուրախության և առանց տխրության, առանց ժպիտի կամ արցունքի՝ կարդալու գործընթացը միայն չորացնում է դեռ չծաղկած հոգին, նրան կուրացնում է կրթության աշխարհին, խուլ է դարձնում շրջապատող կյանքին»: Դպրոցի գրադարանավարը պետք է հասնի յուրաքանչյուր ընթերցողի սրտին: Հետաքրքրել, գերել, սովորեցնել կարեկցել՝ սա պետք է լինի ցանկացած գրադարանավարի աշխատանքի նպատակը:

Ժամանակակից գրադարանը ոչնչացնում է իր ֆիզիկական սահմանները, իրական տարածությունից տեղափոխվում է վիրտուալ տարածք: Այն մի կողմից առաջարկում է տեղեկատվական ռեսուրսների հասանելիություն տեղեկատվական տարածքի այլ սուբյեկտներին՝ ներառյալ ինտերնետում ներկայացվածները: Մյուս կողմից ստեղծում է էլեկտրոնային տեղեկատվական ռեսուրսներ, որոնք առկա են իր ֆիզիկական պատերի հետևում, վիրտուալ ծառայություններ է մատուցում տեղեկատվության և անհրաժեշտ գիտելիքների որոնման համար: Գրադարանը ոչ միայն հոգ է տանում փաստաթղթերի անվտանգության մասին, այլև նրանց հասանելիություն է տալիս` ստեղծելով մետատվյալներ, ցուցադրելով դրանց հավաքածուները՝ պահված, փաստաթղթավորված գիտելիքները թարգմանելով այլ ձևաչափերով։ Ճանաչողական գործունեության զարգացմամբ գրադարանը վերածվում է գիտելիքների կառավարման առավել արդյունավետ և զանգվածային համակարգի: Այն լայն հնարավորություններ է ընձեռում հավաքական հիշողություն մուտք գործելու, արտաքին և ներքին գիտելիքների հակադրությունները հեռացնելու համար, ստեղծում է հատուկ «մետա-գործիքներ», որոնցով կառավարում է գիտելիքների մարմինը: Համակարգելով գիտելիքները, ընդգծելով դրա մասնատված և գլոբալ մակարդակները՝ գրադարանը ապահովում է շրջակա աշխարհի օբյեկտիվությունն ու գիտելիքների խորությունը:

21-րդ դարում, երբ երեխաները ընկղմված են համացանցում առկա խաղերում, առաջարկվող վիրտուալ փոփոխությունը կնպաստի ընթերցանության զարգացմանը։

12Գյուղական համայնքային և դպրոցական գրադարանների զարգացման ռազմավարությունը 21-րդ դարում

Տասնամյակների ընթացքում ձևավորված գրադարանային հավաքածուները ենթարկվել են բազմաթիվ փոփոխությունների` սկսած համալրման եղանակներից, վերջացրած պահպանման և օգտագործման կանոններով: Այսօր գրադարանները զարգացման նոր փուլում են, ինչն ուղեկցվում է էլեկտրոնային միջավայրի և թվային տեխնոլոգիաների ակտիվ ազդեցությամբ:

Հատկապես գյուղական համայնքներում կարևոր է վերաիմաստավորել գրադարանների դերը և դրանք դարձնել գրավիչ երեխաների և երիտասարդների համար։ Գրադարանում գրքեր պահելուց կամ ընթերցելուց բացի՝ հնարավոր է կազմակերպել քննարկումներ, ֆիլմերի դիտումներ, ժամանցային տարբեր միջոցառումներ, որի արդյունքում երիտասարդները կձգտեն սովորել և երազել։ 21-րդ դարում գրադարանի դերի փոփոխությունն ավելի քան բնական է։ Այժմ գրադարանի կարևորագույն դերը համայնքի հետ շարունակական կոնտակտի մեջ լինելն է։ Գրադարանները ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին են։ Դրանք պետք է դառնան փոփոխությունների այն ալիքը, որոնք կօժանդակեն իրականացնել մտածելակերպի և ապրելակերպի խորքային բարեփոխումներ՝ ստեղծելով ապակենտրոնացված Հայաստան։  Գրադարանային ծառայությունը (իր շոշափելի և ոչ նյութական ձևերով) կարող է դիտվել որպես արժեք ունեցող ապրանք և միևնույն ժամանակ որպես միջնորդ` ընթերցողների և գրադարանային մասնագետների միջև սոցիալական փորձի փոխանակման համար, երկրորդը գերակշռում է առաջինին՝ գրադարանային գործունեության սոցիալական ուղղվածությունը: Հասարակական կողմնորոշումն է, որը ձևավորում է գրադարանային ծառայությունների, ծառայությունների որակի և արդյունավետության չափանիշներ, ինչպես նաև որոշում է գրադարանային ծառայությունների ոլորտում բաշխման հարաբերությունների առանձնահատկությունները։ Գյուղական գրադարանների և գրադարանային ծառայությունների խնդիրներն են հանրության իրազեկման, նոր գաղափարների և գիտելիքների հասանելիության խնդիրը, որն այսօր հատկապես անհրաժեշտ է սոցիալական նոր պայմաններին հարմարվելու, իրենց և կյանքում իրենց տեղը նորովի գտնելու, մրցունակ լինելու համար:

21-րդ դարում գիտելիքների նորացման արագ գործընթացի համատեքստում գրադարանը դառնում է գիտելիքի կենտրոն՝ բառի ամենալայն իմաստով: Գյուղական գրադարանների նորագույն տեխնոլոգիաների հետ փոխազդեցությունն է, որ գրադարանի հաջող զարգացման և «դեպի ժողովրդին» գրականության խթանման մակարդակի ցուցիչն է:

Այսօր գրադարանային որևէ խոշոր իրադարձություն չպետք է լինի առանց մուլտիմեդիա ռեսուրսների։ Տեղեկատվության ներկայացման այս ձևը մեծ հետաքրքրություն է առաջացնում մարդկանց բազմազանության համար, ուժեղացնում է նրա հոգեբանական ընկալման բնույթը, ձուլման խորությունը և ապահովում ակտիվ փոխազդեցություն: Այս ամենը օգնում է կատարել գիրքը գովազդելու և ընթերցանության խնդիրները:

Վերջին տարիներին տեղական իշխանությունների նախաձեռնությամբ մի շարք թաղամասերում միավորվել են գյուղական համայնքային և դպրոցական գրադարանները: Այնուամենայնիվ, չնայած ընդհանուր աշխատանքին, այս գրադարաններն ունեն հիմնարար տարբերություններ: Եթե ​​դպրոցի գրադարանը, առաջին հերթին, պետք է ապահովի դպրոցի կրթական գործընթացը, ապա գյուղական համայնքային գրադարանը կոչված է զարգացնելու ինքնակրթության, լիարժեք ժամանցի կազմակերպման ցանկությունը: Բացի այդ՝ գյուղական գրադարաններն ապահովում են կրթական գործընթացը ոչ միայն երիտասարդների և դպրոցականների, այլև մեծահասակների համար, քանի որ գործազրկության սպառնալիքի պատճառով հմտությունների կատարելագործման կամ  նոր մասնագիտության յուրացման մշտական ​​կարիք կա:

Վերջին տարիներին, պայմանավորված մեր երկրի դրությամբ, զարգացել է գրադարանների և զբաղվածության ծառայությունների միջև համագործակցությունը: Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին օգնություն ցուցաբերելով՝ գրադարանները դրանով նվազեցնում են սոցիալական լարվածությունը տարածաշրջանում: Գրադարանի այս դերը հատկապես մեծանում է հեռավոր գյուղերում, որտեղ բնակչության համար հնարավոր չէ ստեղծել սոցիալական աջակցության մասնագիտացված ծառայություններ:

Գրադարանի խթանումն ու 21-րդ դարի զարգացման ռազմավարությունը սահմանելը  հնարավոր չէ առանց ընթերցանության և համայնքային գրադարանի իրավիճակը քննելու: Այդ իսկ պատճառով ուսումնասիրել ենք Արարատի մարզային գրադարանի առկա վիճակը, գրքերի շարժը և ֆոնդի համալրումը։

Արարատի մարզային գրադարանը մարզի գլխավոր պետական գրադարանն է, որն իրականացնում է տպագիր արտադրանքի հավաքածուների պահպանումը, համալրումը, մշակումը, գրադարանային տեղեկատվական մատենագիտական սպասարկման կազմակերպումը, մարզի գրադարանների զարգացման գիտական և մեթոդական աջակցության ապահովումը։ Արարատի մարզային գրադարանն իր գոյության պատմությունը սկսել է 1948 թվականից։

1976-1996 թվականներին շրջանային գրադարանի բազայի վրա ստեղծվեց պետական մասսայական գրադարանների հզոր ցանց, որը հնարավորություն տվեց Արտաշատում ստեղծելու գրադարանային ժամանակակից խոշոր համակարգ՝ իր 45 մասնաճյուղ գրադարաններով։

Գրադարանը 2008 թվականի դրությամբ ունի 95365 կտոր գրականություն։ 2018 թվականի դրությամբ գրադարանային ֆոնդը կազմում է 102000 կտոր գրականություն։

Գրադարանում գործող բաժիններն են՝

  • Սպասարկման բաժին
  • Մանկական ենթաբաժին
  • Ընթերցարանի ենթաբաժին
  • Գրադարանային գործի ավտոմատացման և Էլեկտրոնային սպասարկման բաժին
  • Մատենագիտական տեղեկատվության և հանրության հետ կապերի բաժին
  • Գրադարանային հավաքածուի համալրման, մշակման և պահպանման բաժին

Արարատի մարզային գրադարանի աշխատողների թիվը 26-ն է։ 1996 թվականից գրադարանի աջակցությամբ հրատարակվել է 7 անուն գիրք։

     Ինչպես ցույց են տալիս վերլուծության տվյալները, Արարատի մարզային գրադարանում առկա է ֆոնդի աճ, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ մշակված ռազմավարությունը մարզային գրադարանի  համար արդյունավետ է։

21-րդ դարն իր հետ բերում է բազմաթիվ հնարավորություններ, որոնցից է օրինակ՝ էլեկտրոնային գրքերի առկայությունը։  Ամեն ինչ տանում է նրան, որ ընթերցանության համար էլեկտրոնային հրատարակությունները սկսում են մրցակցել իրենց թղթային համարժեքների հետ, և էլեկտրոնային գրքերի պահանջը օրեցօր մեծանում է: Գիրքը կա և կմնա գրադարանային սպասարկման կենտրոնը, իսկ էլեկտրոնային գիրքը, ըստ էության, գրքի նոր ձևն է: Եթե մենք ուշադրություն չդարձնենք նոր զարգացումներին, ապա չենք կարող ապահովել որակյալ սպասարկում: Տպագիր հրատարակությունների համեմատությամբ էլեկտրոնային հրատարակություններն ունեն բազմաթիվ առավելություններ` հսկայածավալ տեղեկատվության մեջ արագ որոնման, պահպանվող տեղեկատվության բազմակի օգտագործման հնարավորություն, դարակների սահմանափակում, ինտերակտիվություն և այլն: Բազմաթիվ գրադարաններ 21-րդ դարում իրենց գործունեության առաջնային նպատակն են համարում հավաքածուների հնարավորինս արագ թվայնացումը` հեղինակային իրավունքի պահանջներին համապատասխան: Հիմնական նպատակն էր` բավարարել տեղեկատվական պահոցների աշխատողների պահանջները, ունենալ տվյալների շտեմարանի կառավարման մի համակարգ, որում ներառված են դաշտերի տեսականին, դրանց անվանումները և ֆունկցիոնալ հնարավորությունները, տվյալների մուտքագրման աշխատանքային թերթերը, տեղեկատվության արտածման ձևաչափերը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկա ժամանակաշրջանում գրեթե բոլորն ունեն համակարգիչ, բջջային հեռախոս, ընթերցիչ, պլանշետ կամ այլ սարքեր, որոնք հնարավորություն են տալիս գիրք կարդալ, հարկավոր է հնարավորինս հարմար ձևաչափով էլեկտրոնային գրքեր պատրաստել ու տրամադրել օգտվողներին։ Այս առումով մեր գիտական պոտենցիալի զարգացման և առաջընթացի համար շատ կարևոր են հատկապես հայատառ էլեկտրոնային նյութերի ստեղծման աշխատանքները։ Համացանցում տեղադրելու համար էլեկտրոնային գիրքը պետք է պատրաստված լինի հարմար ձևաչափով և ունենա ներբեռնման հնարավորություն:

21-րդ դարի թվային դարաշրջանում հայագիտությունը և հայկական մշակույթը մրցունակ դարձնելու համար առաջնահերթ խնդիր է էլեկտրոնային միջավայրը հայերեն և հայկական բովանդակությամբ հագեցնելը, ինչը ենթադրում է հայալեզու գրադարանային նյութերի զանգվածային թվայնացում, ինչպես նաև տարբեր ընթերցիչների համար նյութերի համապատասխան ձևաչափերով թողարկում։ Ներկայումս ողջ աշխարհում էլեկտրոնային գրքերը հասարակության ավելի լայն շերտերին են հասանելի դառնում, հետևաբար գրադարանները պետք է ստեղծեն հնարավորություն՝ տրամադրվող էլեկտրոնային գրքերը մեծ թվով ծրագրերի և սարքերի միջոցով ընթերցելու համար՝ ներառյալ պլանշետները և բջջային հեռախոսները: Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները՝ էլեկտրոնային գրքի ճիշտ ձևաչափի ընտրությունը և դրա դյուրին ներբեռնելիության ապահովումը դեռևս դպրոցական, գյուցական գրադարանների համար հանդիսանում է կարևորագույն խնդիր: Դպրոցական, գյուղական համայնքային գրադարանները շատ հաճախ չունեն նոր գրականության ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ, ինչը փաստում է, որ դեռևս թվային գրադարանների համակարգի ներդրումը գյուղական գրադարանների համար խնդիր է։

13 Գյուղական համայնքային և դպրոցական գրադարանները նորանկախ Հայաստանում

Հայաստանի գրադարանները բազմադարյան պատմություն ունեն: Միջնադարյան աղբյուրներում նրանք կոչվել են գրատուն, գրանոց, արկեղք գրոց, գանձատուն, մատենադարան, դիվան, երբեմն էլ՝ նշխարանոց, նշխարախուց։ Եղել են վանքերին կից, երբեմն ունեցել են առանձին շինություն (Հաղպատ, Արգինաեն)։ Տարածված են եղել վանքերին մոտակա քարայրային գրապահոցները, որտեղ տեղավորվում էր հաճախ մեծ քանակությամբ գրականություն։ Որոշ գրատներում գրադարակների դեր են կատարել 4 որմնախորշերը։ 1902 թվականին Երևանում բացվել է հասարակական գրադարան-ընթերցարան, հետագայում ստեղծվել են մասնավոր գրադարաններ, որոնցից կարևոր էր Ավետիսյանի գրադարան-ընթերցարանը։ 1913 թվականին Հայաստանում կար 13 գրադարան՝ 9000 կտոր գրականությամբ։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո բուռն զարգացում է ապրում գրադարանային գործը, քաղաքներում և գավառներում կազմավորվում են նոր գրադարաններ, խրճիթ-ընթերցարաններ։ 1921 թվականին կազմակերպվեց համալսարանի գրադարանը՝ Երևանի նախկին ուսուցչական սեմինարիայի ֆոնդերի հիման վրա։ 1925 թվականին Հայաստանում կար 500 գրադարան: 1923 թվականից գործում է Խնկո-Ապոր անվան հանրապետական մանկական գրադարանը, որը կոորդինացնում է բոլոր մանկական գրադարանների աշխատանքները։ 1935 թվականին հիմնվեց Երևանի քաղաքային գրադարանը։ Հայկական ՍՍՀ ԳԱ կենտրոնական գրադարանը հիմնադրվել է 1935 թվականին։ 1946 թվականին Հայաստանում կար 1125 գրադարան՝ 909 հազար գրքային ֆոնդով, այդ թվում՝ քաղաքային վայրերում՝ 124, գյուղական վայրերում՝ 784 գրադարան։ Ստեղծվեց մասսայական, հանրապետական, գիտական, տեխնիկական, մանկական, արհմիութենական, դպրոցական գրադարանների հարուստ ցանց՝ միլիոնավոր գրքերի ֆոնդերով։  

1990թ.-ին ՀՀ-ում գործել է 99 մանկական գրադարան, իսկ 2000թ.-ին՝ 53 գրադարան: Գրադարանային ֆոնդը միայն այս հատվածում պակասել է 2 մլն կտոր գրքով: Գյուղական համայնքներում 1990թ.-ին եղել է 955 գրադարան, 2000թ.-ին՝ 833։   

Այսօր Հայաստանում գործում է 649 գրադարան, որից 12-ը պետական են, 629-ը՝ համայնքային։ Սա՝ ՀՀ ազգային վիճակագրական վարչության տվյալներով: Բայց վերջերս կատարված մեկ այլ ուսումնասիրության արդյունքներով պարզվեց, որ  գործող գրադարանների թիվը կրճատվել է, համայնքային գրադարանների թիվը դարձել է 370: Գրադարանների թվի կրճատումը հիմնականում պայմանավորված է համայնքների խոշորացմամբ: Կա գրադարանները համալրելու խնդիր, քանի որ գյուղական բնակավայրերում գրադարանները պարզապես «մոռացված» հաստատություններ են եղել: Ինչպես ցույց են տալիս ցուցանիշները գրադարանային ֆոնդը կրճատվել է, քանի որ նորանկախ Հայաստանում գյուղական գրադարաններում հաշվառված գրքերի 20 %-ը օգտագործելի չեն եղել, քանի որ այդ գրքերը չէի բավարարում ուսուցողական ծրագրերի պահանջներին, գեղարվեստական գրականության մաս չէին կազմում: Այստեղ անօգտագործելի գրքերի անհամեմատ մեծ մաս են կազմում խորհրդային շրջանի կուսակցական բնույթի երկլեզու գրականությունը, որն արդեն որևէ հետաքրքրություն չի ներկայացնում 21-րդ դրի երիտասարդների համար։ Մշակութային կյանքին չմասնակցող երեխաները, պատանիները, երիտասարդները, միայն գրադարաններ հաճախելով, կարող էին մասնակի լրացնել այդ բացը: Շատ գրադարանավարներ նշում են, որ ակտիվ ընթերցողներ են նաև կենսաթոշակառուները, հատկապես՝  տարեցները:   

 Շատ հետազոտողներ պնդում են, որ գիրքը ձևավորում է հոգևոր հատկանիշներ ունեցող, կիրթ և սոցիալապես արժեքավոր անձնավորություն: Գրադարանների ուշադրությունը երեխաների և դեռահասների վրա որոշում է տարածաշրջանի, քաղաքի, շրջանի ապագան: Լինելով ոչ միայն գիտելիքի կազմակերպիչը, այլև դրա ստեղծողը՝ ժամանակակից գրադարանը մասնակցում է նոր գիտելիքների հասարակության հիմնական ռեսուրսի ձևավորմանը և հետևաբար դառնում է այս նոր հասարակության կառուցողը:  

Գյուղական համայնքային գրադարաններն իրականացնում են հետաքրքիր և բովանդակալից աշխատանք երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակության, առողջ ապրելակերպի ձևավորման, հոգևորականության զարգացման և հասարակության մեջ բարոյական հիմքերի ամրապնդման ուղղությամբ։  

21-րդ դարը հասարակության լայն շերտերին թելադրեց նոր վերաբերմունք և պահանջներ: Նորագույն տեխնոլոգիաները թափանցեցին նաև գրադարանային ոլորտ` այն դարձնելով ավելի արդիական: Նորանկախ հայոց պետությունը նոր պահանջներ առաջադրեց հանրային բոլոր ոլորտներին: Ժամանակի թելադրանքով գրադարանները ևս դարձան տեղեկատվական, մշակութային և կրթական գործունեություն իրականացնող կազմակերպություններ: Ահա թե ինչու ժամանակի հրամայականով առաջ եկավ Հայաստանի գրադարանները միավորող, նրանց շահերը մեկտեղող կազմակերպության ստեղծման գաղափարը: Հայաստանի «Հայկական գրադարանային ասոցիացիա» /ՀԳԱ/ հասարակական կազմակերպությունը հիմնադրվեց 1994թ.ին` նպատակ ունենալով համախմբել հանրապետության գրադարանային աշխատողներին մասնագիտական հարցերի լուծման և շահերի պաշտպանության համար: Ստեղծման առաջին իսկ տարիներից ՀԳԱ-ն հանդես եկավ կարևոր նախաձեռնություններով, որոնք նրան ճանաչելի դարձրին: Պարբերաբար կազմակերպվում էին կլոր սեղաններ, քննարկումներ՝ Հայաստանի գրադարանների հիմնախնդիրների վերաբերյալ: Ասոցիացիան ձեռնամուխ եղավ մի շարք ծրագրերի իրականացմանը, որոնք անմիջապես առնչվում էին գրադարանային բազմաթիվ հիմնախնդիրների՝ հատկապես կադրերի վերապատրաստմանը, ժամանակակից գրադարանային գործընթացներին իրազեկելուն և մասնագիտական իմացությունը խորացնելուն:   

Վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձվում էկոլոգիական մշակույթի ձևավորմանը: Հետևաբար գյուղական համայնքային գրադարանների աշխատանքի ոլորտներից մեկը կարող է դառնալ բնապահպանական կրթության տարածումը, բնության պաշտպանության գործում յուրաքանչյուր անձի ակտիվ քաղաքացիական դիրքի ձևավորումը: Էկոլոգիական գրականության հավաքածուները հավաքագրվում և անընդհատ համալրվում են, կազմակերպվում են էկոլոգիական ակումբներ և խմբներ երեխաների համար, մեծահասակների համար նախատեսված ակումբների ասոցիացիաներ: Վերջինս ևս կնպաստի գյուղական կյանքի և մշակույթի  ակտիվացմանը։  

Միևնույն ժամանակ գյուղական վայրերի գրադարանը ավելի մեծ չափով, քան մեծ բնակավայրում, զգում է տնտեսական և սոցիալական խնդիրների սրությունը: Չնայած որոշակի բարելավումներին՝ գյուղական գրադարանների նյութատեխնիկական բազան մնում է թույլ: Այդ բացը լրացնեու համար կազմակերպվում են նաև գրքի տոնավաճառներ։  

Այսօր գրքի տոնավաճառները դարձել են մեր մշակութային իրականության անբաժանելի մասը։ Գրադարան-գրահրատարակիչ շփման եզրերն ակնառու են՝ տոնավաճառի օրերին մանկապատանեկան գրքի ոլորտի առաջատար հրատարակչությունները ներկայացնում են ճանաչողական, գեղարվեստական, մանկական լավագույն հրատարակություններ: Անգամ այն անպարագիծ սերը, որ տածում էր Ամենայն հայոց բանաստեղծը՝ Հովհաննես Թումանյանը, գրքի նկատմամբ, իր անուղղակի անդրադարձն ունի տոնավաճառի կոնցեպցիայի վրա. նրա ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, որ Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր, մշտապես հաստատագրված է տոնավաճառի ամենամյա ժամանակացույցում՝ նպատակ ունենալով գիրքը կարևորելու նրա պատգամը փոխանցել այսօրվա պատանիներին:   

Նորանկախ Հայաստանում վերոնշյալ թվարկված խնդիրներից անմասն չէ նաև Արարատի մարզի Արմաշ համայնքի գյուղական համայնքային գրադարանը։ Գյուղական այս գրադարանը ունի գրականության մեծ բաց, չկան ժամանակակից գրողների ստեղծագործությունները, նաև մասնագիտական գրականություն։ Այդ բացը լրացնելու նպատակով 2020 թվականին կազմակերպվեց հրաշալի միջոցառում, որի ժամանակ կատարվեցին նվիրատվություններ գրադարանային ֆոնդին։  

2020թ․-ին Գիրք նվիրելու տոնի առիթով կառավարության անդամները գրքեր են նվիրել Արարատի մարզի Արմաշ համայնքի գրադարանին, որոնք համայնքին են փոխանցել Արարատի մարզպետն ու ՀՀ վարչապետի խորհրդականը: Արմաշի գրադարանին գրքեր են նվիրել ՀՀ փոխվարչապետը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, Արտակարգ իրավիճակների նախարարը, Շրջակա միջավայրի նախարարը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետը, Քաղաքացիական ավիացիայի նախագահը, ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ և այլք: Կարևոր այս ակցիան իրականացվել էր հենց ՀՀ վարչապետի խորհրդականի կողմից, ով եղել էր գրադարանում և տխրել՝ հասկանալով, որ գրքերի սակավության պատճառով գրադարանից օգտվողներ գրեթե չկան:  

Ես կցանկանայի հավատալ, որ տեղական իշխանությունների, հասարակության և գրադարանավարների համատեղ ջանքերը կտան իրենց պտուղները, և բոլոր պայմանները կստեղծվեն` բավարարելու գյուղական բնակչության տեղեկատվական և մշակութային կարիքները:  

Արմաշի գյուղական գրադարանը, ընթերցողների շահերից ելնելով, փորձում է ժամանակակից պայմաններում նորովի նայել իր դերին՝ գրադարանների բոլոր առկա ռեսուրսներն ու հնարավորությունները օգտագործելով, անընդհատ բարելավելով իր զանգվածային աշխատանքը: Վերջերս ընթերցողների համար տեղեկատվական ծառայության մակարդակը որակապես բարելավվել է:  Գրադարանը կազմակերպվում է լիարժեք ծառայություն՝ օգտվողներին տրամադրելով ժամանակին և համապատասխան տեղեկատվություն օգտագործողների տարբեր կատեգորիաների համար՝ դպրոցականներ, երիտասարդներ, հաշմանդամներ, տարեցներ, ձեռնարկատերեր և այլն։  

Այս բոլոր իրադարձությունները կոչված են ոչ միայն պայմաններ ստեղծելու հաղորդակցության համար, այլև դրսևորելու  մասնակիցների ստեղծագործական ունակությունները։  

Կարևոր է նաև, որ  նոր տեղեկատվական տեխնոլոգիաների ներդնումը նոր հնարավորություններ է բացում ինչպես գրադարանի առջև, այնպես էլ մեր օգտվողների համար, այսինքն՝ առավել հարմարավետ և ժամանակակից պայմաններ է ստեղծում և  բարձրացնում մատուցվող ծառայությունների որակը։  

Խիստ կարևոր և առաջնային է մնում գրադարանի տպագիր հավաքածուի  համալրման խնդիրը։  Գյուղական համայնքային գրադարանների համալրման համար կարող են  օգտագործվել նաև այլ միջոցներ՝ բարեգործությունը, նվիրատվությունները և այլն:  

Գլուխ 2 Արմաշի Մաղաքիա Օրմանյանի անվան միջնակարգ դպրոցի գրադարանի հագեցվածությունն ու զարգացման հեռանկարները առաջիկա տարիների համար   

  

21 Արմաշի Մաղաքիա Օրմանյանի անվան միջնակարգ դպրոցի գրադարանի հագեցվածությունն ու առանձնահատկությունները։    

  

Արմաշի դպրոցը հիմնադրվել է  1926 թվականին։ Տվյալ շենքում դպրոցը տեղակայվել է 1961 թվականին։ Դպրոցն իրականացնում է միջնակարգ կրթություն, որը պարտադիր կրթության երրորդ մակարդակն է և ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի երեք աստիճանները: 2017թ․-ի նոյեմբերի 24-ին Արմաշի միջնակարգ դպրոցը անվանակոչվեց մեր  պատմության մեծագույն գործիչներից մեկի՝ աստվածաբան, հայագետ, պատմաբան, Պոլսո հայոց պատրիարք Մաղաքիա Օրմանյանի անունով: Անվանակոչման հանդիսավոր արարողությանը, ի թիվս բազմաթիվ հանրաճանաչ ու անվանի հյուրերի, իրենց ներկայությամբ պատվել էին Պոլսի պատրիարքարանից՝ Թաթուլ Վարդապետ Անուշյանը, Մաղաքիա Օրմանյանի զարմուհի Աստղիկ Խառատյանը, ում ջանքերի շնորհիվ էլ կյանքի կոչվեց այս պատմական իրադարձությունը: Անվանակոչության օրը Թաթուլ Վարդապետ Անուշյանը խոստացավ, որ յուրաքանչյուր տարի Մաղաքիա պատրիարքի անվան Արմաշի մրջնակարգ դպրոցի ավարտական դասարանի երկու բարձր առաջադիմություն ունեցող աշակերտ հնարավորություն կունենան՝ այցելելու Մաղաքիա պատրիարքի ծննդավայր ու տեղում ծանոթանալ նրա անցյալին ու գործունեությանը:    

Դպրոցի  «սրտում»՝ կենտրոնում, այսինքն՝ սովորողների ուսումնառության համար բարենպաստ տարածքում է գտնվում  ամենակարևոր վայրերից մեկը՝ գրադարանը։  

Արմաշի Մաղաքիա Օրմանյանի անվան միջնակարգ դպրոցի գրադարանը իր գործունեությունը կարգավորում է <<ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ>> ՀՀ ՕՐԵՆՔի համաձայն։ Գրադարանը իր գործունեությունն իրականացնում է գործող օրենսդրությանը, գրադարանի կանոնադրությանը, գրադարանից օգտվելու կանոններին համապատասխան, իր գործունեության մասին հաշվետվություններ ներկայացնում է դպրոցի տնօրենին, գրադարանից օգտվող երեխաների և ուսուցիչների պահանջներին համապատասխան տրամադրում է տեղեկույթ իրենց գործունեության, հավաքածուների օգտագործման և համալրման վերաբերյալ, իրականացնում է  գրադարանային հավաքածուների համալրում, հաշվառում, պահպանություն, վերականգնում` լիազորված պետական մարմնի սահմանած կարգով։   

Գրադարանն ունի բավարար տարածք՝  

  • գրադարանավարի աշխատանքային անկյուն  
  • հատված դպրոցի աշակերտներին գիրք տրամադրելու համար  
  • ընթերցասրահ  
  • գրքերի պահպանության հատված  
  • փակվող տարածք հատուկ իրերի պահպանության համար։  

Գրադարանը բաղկացած է երեք պահոցից՝  

  • Դասագրքային պահոց  
  • Գեղարվեստական գրքերի պահոց  
  • Հատուկ իրերի պահպանության պահոց՝ քարտեզներ, ատլասներ և այլն։  

Գրադարանի յուրաքանչյուր անուն գիրք ունի դրոշմակնիք՝ դպրոցի հասցեով։ Գրադարանից օգտվելը անվճար է: Գեղարվեստական գրականությունը տրվում է 30 օր ժամկետով, իսկ ուսումնական գրականությունը՝ ուսումնական ծրագրերին համապատասխան՝ մինչև առարկայի ավարտը: Վերցրած գրականության ժամկետները անհրաժեշտության դեպքում հնարավոր է երկարացնել:  

Դպրոցի գրադարանային ֆոնդը համապատասխանում է կրթակարգին, մատչելի և գրավիչ է աշակերտների և ուսուցիչներ համար։ Գրադարանավարի գործունեության հիմքում ընկած է տարեկան ծրագիրը,  որը ներառում է հիշարժան տարեթվեր, մշակույթի և գրականության նշանավոր դեմքերի հոբելյաններ, գրքերի քննարկումներ, բեմականացումներ:   

Ընթերցանության վիճակը ստուգելու համար գրադարանը երբեմն իրականացնում է  սոցիոլոգիական հետազոտություն, որն անցկացվում են ինչպես գրադարանի պատերի ներսում, այնպես էլ դրանից դուրս: Դպրոցի գրադարանը անհրաժեշտության դեպքում օգտագործում է  տեղեկատվություն ստանալու հիմնական մեթոդները` անհատական ​​և խմբային հարցումներ, հարցաթերթիկներ:   

Արդեն ավանդույթ է դարձել, որ գրադարանը հաճախ լինում է տարբեր տոների նախաձեռնող և կազմակերպիչ՝ նվիրված պատմական և քաղաքական նշանակալի իրադարձություններին։ Շատ առումներով երեխաների մասնակցությունը միջոցառումներին նպաստում է նրանց կյանքի ակտիվացմանը և գրադարանի նյութատեխնիկական ապահովման բարելավմանը:   

Դպրոցի գրադարանի հիմնական առաքելությունն է միջոցառումների մասին տեղեկատվություն փոխանցել գյուղի յուրաքանչյուր բնակչին՝ նույնիսկ ամենահեռավորին:  

2022թ-ի դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ դպրոցի գրադարանի գրքերի համալրման և վերադասավորման գործընթացը։ Գրադարանավարուհի Մ. Հարությունյանի և ծնողական խորհրդի անդամ, պրակտիկանտ Էմմա Հակոբյանի  համառ ջանքերի շնորհիվ գրադարանը մի նոր կյանք ստացավ  և պատրաստվեց՝ ընդունելու դպրոցի  ընթերցասեր սաներին և ուսուցիչներին։ 

22 Արմաշի Մաղաքիա Օրմանյանի անվան միջնակարգ դպրոցի զարգացման հեռանկարները առաջիկա տարիների համար 

Ժամանակակից կրթական համակարգի անցումը դեպի կրթական չափորոշիչները մի շարք նոր մարտահրավերներ է դնում դպրոցի գրադարանի համար: Ժամանակակից դպրոցական գրադարանը պետք է դառնա պետական ​​կրթական ստանդարտի ներդրման երաշխավորը՝ պայմաններ ապահովելով առարկայական և անձնական արդյունքների հասնելու համար՝ հանդես գալով որպես ռեսուրս կենտրոն բոլոր առարկաների համար ուսումնական գործընթացում։ 

Կրթական նոր չափորոշիչներում ներդրվել է տեղեկատվական և կրթական միջավայր հասկացությունը, որի մի մասը պետք է դառնա դպրոցական գրադարանը՝ անցնելով տեղեկատվական և գրադարանային կենտրոնի կարգավիճակի։ Սա նշանակում է՝   

  • դպրոցական գրադարանում համացսնցի տեղեկատվական ռեսուրսների հասանելիության ապահովում, 
  • կրթական և գեղարվեստական ​​գրականություն առկայության ապահովում, 
  • մեդիա ռեսուրսների հավաքածուների վրա էլեկտրոնային կրիչների առկայություն 
  • կրթական և մեթոդական, տեքստագրական և աուդիո-վիդեո նյութերի կրկնօրինակման տեխնոլոգիաների առկայություն, 
  • ստեղծագործական, հետազոտական ​​և ծրագրի գործողությունների ազատության ապահովում։ 

Չունենալով որևէ լրացուցիչ ֆինանսավորման աղբյուր (օգտագործվում են միայն պետության կողմից ֆինանսավորված միջոցները) Արմաշի Մաղաքիա Օրմանյանի անվան միջնակարգ դպրոցը տարեցտարի համալրում է գրադարանային ֆոնդն ու նպաստում ուսուցիչների և աշակերտների կարիքների բավարարմանը։ Դպրոցում  գրադարանի զարգացման ռազմավարությունն ուղղված է՝  

  • տպագիր և էլեկտրոնային տեղեկատվական և կրթական ռեսուրսներով համալրմանը ուսումնական ծրագրի բոլոր առարկաներից՝ դասագրքեր, ներառյալ էլեկտրոնային հավելվածներով դասագրքեր, որոնք իրենցն են՝ գրադարանի անբաժանելի մասը։  
  • ուսումնամեթոդական գրականության և նյութերի ձեռքբերում հիմնական ակադեմիական բոլոր առարկաներից,  
  • կրթական ծրագիր հիմնական հանրակրթական ուսումնական հաստատության հիմնադրի կողմից սահմանված ուսուցման լեզուներով, 
  • լրացուցիչ գրականության առկայության ապահովում։ 

Դպրոցական գրադարանը ներկայումս հագեցած չէ համակարգիչներով, գրադարանում չկա Wi-Fi, ինչը դժվարացնում է համացանցային ռեսուրսների և էլեկտրոնային գրականության օգտագործումը։ Ստացվում է, որ գոյություն ունի գրադարանների նյութատեխնիկական հագեցվածության և ժամանակակից կրթական գործընթացի աճող պահանջների միջև անհամապատասխանություն, որը պայմանավորված է տարածքի, ժամանակակից գրադարանային կահույքի, համակարգչային, մուլտիմեդիա և պատճենահանող սարքավորումների սղությամբ:  

Գրադարանի տեխնիկական հագեցվածության ապահովումը ևս դրված է դպրոցի և  դպրոցի գրադարանի զարգացման ռազմավարության հեռանկարում, քանի որ տպագիր ֆոնդերը արագ ծերացում են, և առկա է թվային (էլեկտրոնային) գրադարանների անհասանելիություն։ Այնինչ՝ էլեկտրոնային գրադարանների հասանելիությունը դպրոցի գրադարանի ընթերցողների համար հնարավորություն կստեղծեր՝  օգտվելու մասնագիտական ​​տվյալների բազաներից, տեղեկատվական հղման և որոնման համակարգերից, ինչպես նաև այլ տեղեկատվական ռեսուրսներից: 

Եզրակացություն 

1991թ. Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո համակարգչային և հեռահաղորդակցական տեխնոլոգիաներն անարգել սկսեցին ներկայացվել մեր երկրում։ Արդեն մեր օրերում՝ զարգացած տեխնոլոգիաների դարաշրջանում՝ տեղեկատվական հոսքերի ժամանակակից աշխարհում, երբ մարդիկ ապրում և շնչում են «նոր դարի թթվածին» համարվող տեղեկատվությամբ, անհրաժեշտություն առաջացավ ստեղծել էլեկտրոնային գրադարաններ: Տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով հնարավորություն ընձեռվեց առցանց ընթերցելու թերթեր, ամսագրեր, գրքեր: Դպրոցական, գյուղական և համայնքային գրադարաններն իրենց գործունեության միջոցով օգնում են մարդկանց իմանալ իրենց տարածքի անցյալի մասին, գնահատել ներկա օրը և չկորցնել ժամանակների կապը: 21-րդ դարում գրադարանները զարգացման նոր փուլում են, ինչն ուղեկցվում է էլեկտրոնային միջավայրի և թվային տեխնոլոգիաների ակտիվ ազդեցությամբ: Ինչպես ցույց տվեցին հետազոտության արդյունքները, որոնք իրականացվել էին Արարատի համայնքային և Արմաշ գյուղի գրադարանում, առկա է փոփոխության միտում։ Չնայած բազմաթիվ խնդիրներին, որոնք առկա են 21-րդ դարում դպրոցական և գյուղական գրադարաններում, այնուամենայնիվ նկատելի է աճի միտում։ 

 21-րդ դարի եվրոպական գրադարաններից մենք դեռևս հեռու ենք․ ապահոված չենք ինտերնետ կապով, ընթերցանության համար նախատեսված կրիչներով, ինչն էլ իր հետ բերում է ընթերցողների բացակայություն։  21-րդ դարի դպրոցական, գյուղական գրադարանների արդիականացմանը խոչընդոտող խնդիրների համալիրը պետք է համակարգված լուծում ստանա: Դպրոցական, գյուղական գրադարանների աշխատանքի միասնությունը պահպանելու համար պահանջվում է ստեղծել այնպիսի տեղական իրավական կարգավորող ակտեր, ինչպիսիք են.  

  • տեղեկատվական և գրադարանային կենտրոնից օգտվելու կանոններ,  
  • տեղեկատվական և գրադարանային կենտրոնի կառուցվածքի ապահովում և համալրում,  
  • գրադարանների աշխատողների աշխատանքի նկարագրությունները և մասնագիտացումը, 
  • գրադարանների շարունակական ֆինանսավորումն ու ֆոնդի թարմացումը․ 
  • նորագույն տեխնոլոգիական լուծումների ապահովումը գրադարանների աշխատանքի ապահովման համար և այլն։   

Անդրադառնալով գյուղական գրադարաններին՝ առաջին հերթին պետք է առանձնացնենք համագործակցության ցանցի ձևավորումը։ Ձևերը կարող են լինել՝  

  • ընթերցողների սպասարկման միասնական համակարգի ստեղծում, 
  • աշխատանքը դպրոցի և տեղական իշխանությունների հետ համաձայնեցված ընդհանուր պլանի համաձայն. 
  • գյուղական գրադարանի զարգացման խորհուրդի ստեղծում․ 
  • գրադարանների տեղեկատվականացման հետ կապված հարցերի վերաբերյալ համատեղ որոշումների ընդունում. 
  • համատեղ որոշումների մշակում` ուղղված բնակչության գրադարանային և տեղեկատվական ծառայությունների բարելավմանը: 

Ուսումնասիրված խնդիրներին զուգահեռ առաջարկեցինք միջոցառումների շարք, այն է՝ ընտանեկան ընթերցանության ծրագրեր իրականացնել տարբեր թեմաներով: Օրինակ՝ «Գիրքը տանենք ընտանիք» , «Գրքերի բուժում » , «Ընթերցանության ֆլեշ մոբ » , «Մենք ամբողջ ընտանիքով գրքի ընկերներ ենք» , «Գրքի ստեղծում » խորագրերով։ Ընտանեկան ընթերցանության ծրագրերի նպատակն է կարևորել գյուղական գրադարանի դերակատարումը՝ որպես տեղեկատվական միջնորդ՝ գրքի մասին հանրությանը տեղեկացնելու և երիտասարդության շրջանում ընթերցանության նկատմամբ  հետաքրքրություն առաջացնելու նկատառումներով։ Միջոցառումների շնորհիվ գյուղական գրադարանը կկարողանա մեծահասակներին ակտիվ համագործակցության մեջ ներգրավել, իսկ երեխաների մեջ կսերմանի հետաքրքրություն գրքի և ընթերցանության հանդեպ։ Իր ակտիվ գործունեության տարատեսակ ձևերի միջոցով գրադարանը կօգնի կրթել և զարգացնել երեխային, ինչն էլ կնպաստի գյուղական գրադարանում ընթերցողների թվաքանակի ավելացմանը։  

Եզրակացության այս հատվածում առաջ բերեցինք առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծման եղանակները՝ մեր դիտանկյունից։ 

Այսպիսով՝ 21-րդ դարի դպրոցական, գյուղական համայնքային գրադարանները պետք է  համահունչ արձագանքեն ժամանակաշրջանին, որպեսզի պահպանեն իրենց պահանջարկն ու կարևորությունը:  

Գրականության ցանկ 

  • «Հայաստանում թվային գրադարանի ստեղծման պատմությունից»  Տիգրան Զարգարյան,  ՀԱՀ ՏԳԹ 
  • «Էլեկտրոնային գրքի ձևաչափերի ներկայացում և դրանց կիրառումը հայատառ նյութերի պարագայում» Նունե Աղոյան, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա 
  • «Գրքի արժեքը» Ֆլորա Գրիգորյան, Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի գրադարանի վարիչ   
  • «Գրադարանը և գրադարանավար մասնագետը դպրոցական կրթության համակարգում» Գագիկ Սուքիասյան, Երևան, 2016թ 
  • Գյուղական գրադարանի սոցիալական գործառույթները // Գրադարանագիտություն Անտոնենկո Ս.Ա. , 2010թ 
  • Գրադարաններ և տեղական ինքնակառավարում. Համագործակցության եղանակներ. Մարզերի նյութեր,  Յա. Շիշկովա; խմբ. Լ. Ի. Լուկյանովա: 

Էլեկտրոնային աղբյուրներ  

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *