Ժողովրդական քնարական երգեր. օրորոցայիններ և մանակական խաղերգեր

Օրորոցային երգերը ժողովրդական ստեղծագործության քնարական երգատեսակ են, որոնք կոչվել են նաև հարյուր, լուրիկ, ճոր-ճոր, դանդան, նեննի, նանար։ Օրորոցային երգերում գերիշխող մոտիվները (մանկանն ուղղված գովք, բարեմաղթություն և այլն) հաճախ զուգորդվել են երգող մոր անձնական ապրումն արտացոլող մոտիվներով։ Արտահայտելով ժողովրդի սոցիալ-պատմական կյանքի տարբեր կողմեր ու իրողություններ, ընտանեկան–կենցաղային հարաբերություններ, զանազան հավատալիքներ ու պատկերացումներ՝ օրորոցային երգերն ունեն  պատմաճանաչողական արժեք։ Հայ ժողովրդական օրորների առավել զարգացած նմուշներն իրենց բանաստեղծական-երաժշտության ձևով ու բովանդակությամբ լիովին կազմավորված երգեր են և կազմում են ազգային ավանդական քնարական երգարվեստի մի նշանակալից ժանրը։

Օրորոցային երգը պատկանում է հայ ժողովրդական ավանդական երգային ժառանգության հնագույն և ամենակենսունակ ժանրերի թվին։ Մեր բազմադարյա պատմության ընթացքում ամենուրեք, որտեղ եղել է ծնունդ և օրորոց, միշտ հնչել է օրորոցային երգը, որով հայ կինն իր սիրասուն մանկան գովքն է արել, արտահայտել իր անսահման սերն ու գորովը։

Օրորոցային երգի միջոցով է ստեղծվել ու ամրապնդվել հոգևոր կապը մոր և մանկան միջև։ Օրորոցային երգով են սկզբնավորվել երեխայի գեղարվեստական ընկալումները, որոնք հետագայում ձևավորելու էին նրա հոգեկան կերտվածքը։ Մորից լսած օրորով էր մանուկը հաղորդակից դառնում իր հարազատ հայ երգին։ Այսօր էլ օրորոցային երգը չի կորցրել իր կարևոր նշանակությունը, ուստի և անհրաժեշտ ենք համարում օգնել երիտասարդ մայրերին կենցաղ վերադարձնելու մեր հիասքանչ օրորները, որոնք բացի իրենց կիրառական գործառույթից ունեն նաև գեղարվեստական բարձր արժեք։

Օրորոցային երգեր

Նենի ըսիմ, քնցնիմ որդի, նենի՜, նենի՜, նենի՜, նենի՜,

Անուշ քընեն թռցնիմ որդի, նենի՜, նենի՜, նենի՜:

Դնիմ զավակս օրոր անեմ

Որդի, օրո՜ր, օրո՜ր, օրո՜ր, օրո՜ր…

Պագնիմ անուշ բերանը, Որդի, օրո՜ր, օրո՜ր, օրո՜ր…

Օրոր ըսիմ, շորոր լսիմ, վլենաս,
Դու պստիկ իս բարով մեծանաս, հարս դառնաս:
Օրորալեն, շորորոլեն Վան գացինք,
Ախպորս համար մի խորոտիկ հարս բերինք
Օրորալեն, շորորոլեն գացինք Ղարս,
Ախպորս համար բերինք շատ խորոտիկ հարս:
Օրորալեն շորորալեն գացինք Մուշ,
Ախպորս համար բերեցինք հարս շատ անուշ:

Րուրի կենեմ գրկանոցին,
Անդրանիկի քաջ զինվորին,
Օրորի, շի՜շ, օրորի շի՜շ,
Իմ մեկ ու ճար օրո՜ր, օրո՜ր…
Օրորի, շի՜շ, օրորի, շի՜շ,
Իմ անուշ գառ, օրո՜ր, օրո՜ր…

Ընթերցանության և ունկնդրության  նյութեր

Ունկնդրիր օրորոցայիններ այս հղումով: 

Հասմիկ Հարությունյան — օրորոցայիններ

Հին հայկական օրորոցն ու օրորոցայինները

Շարադրիր մտքերդ ժողովրդական բանահյուսության քնարական այս ժանրի  երգերի մասին: 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *