Ժողովրդական խաղիկներ

Ժողովրդական խաղիկները փոքր ծավալի, ավելի հաճախ՝ քառատող, լիրիկական երգեր են՝ հորինված հոգեկան տարբեր վիճակների և հասարակական բազմազան երևույթների  անմիջական ազդեցության տակ: Յուրաքանչյուր խաղիկ արտահայտում է մի ամբողջական միտք, տրամադրություն, հանգավոր է և գեղարվեստորեն ավարտուն:

Խաղիկների թեմաները բազմաթիվ են՝ սիրային, աշխատանքային, կենցաղային, օրորոցային և այլն: Խաղիկների հիմնական ու գլխավոր թեման սերն է, որոնցում արտահայտված են գյուղական երիտասարդության հուզաշխարհի ու հոգեկան ապրումների տարբեր իրավիճակներ։ Խաղիկներում սերը երբեմն ստանում է որոշակի սոցիալական իմաստ, հաճախ զուգակցվում է աշխատանքին, սիրահար զույգերը գովում են իրար առտնին ու երկրագործական աշխատանքի մեջ, որն էլ ազնվացնում ու ամրապնդում է նրանց սերը։  Ժողովրդական խաղիկները փոխանցվել են սերնդեսերունդ բերանացի կամ երգերի միջոցով:

Ձեր տան տակին վար կանեմ,

Չար ագռավին  քար կանեմ.

Թող իմ սիրածն ինձի տան,

Գժությունս թարգ կանեմ:

Սիրել եմ սերն երեսին,

Անթառամ  թերն երեսին.

Ով իմ սիրածն ինձ չտա,

Աստծու  կրակն երեսին:

Սարերի հովին մեռնեմ,

Շեկ յարիս բոյին մեռնեմ,

Երեք օր ա չեմ տեսել,

Տեսնողի աչքին մեռնեմ:

Ամպել ա, ձուն չի գալիս,

Մթնել ա, տուն չի գալիս.

Էս անտեր բարձի վրա,

Առանց յար քուն չի գալիս:

Ա′յ տղա, տավարած տղա,

Ա′խ զոռով ճարած տղա,

Օթախ սրբեմ, շոր քցեմ,

Նստի′ր բեզարած տղա:

Արազը հեշտացել ա,

Ճամփեքը կոշտացել ա,

Խաբար տարեք իմ յարին

Առնողս շատացել ա:

Կանաչ արտը  հաց  տարա,

Յարիս տեսա ետ դառա.

Խնձոր տվավ ես չառա,

Էս ի՞նչ բեբախտ յար դառա:

Ջուրը ջրին առել ա,

Մատս ղալամ տարել ա.

Էն թուխ բեղավոր տղեն

Ուշն ու միտս տարել ա:

Կարբի ընկել ա հովը,

Յարս ընկել ա ծովը.

Աստված սիրեք, ջահելնե′ր,

Ինձ  քցեք յարիս քովը:

Կայնել ես աղբերակին,

Շող կտաս արեգակին,

Քո շող երեսին մեռնեմ,

Ունքերիդ աղեղնակին:

Կայնել ես վարդի հովին,

Քամին տա կրծքիդ մովին,

Երեսիդ շողին մեռնեմ,

Աչքերիդ  կապույտ ծովին:

Ա՜յ, հեվա հեվա սիրտըս,

Ճնճղկան թև ա սիրտըս․

Քան պուտը կարմիր չկա

Բաց անեմ սև ա սիրտըս։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *